Encyclopedia

Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին: Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:
Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, եղել է կաթողիկոս կարգված եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու կողքին: Նրանք ծրագրել էին հայրապետական աթոռը փոխադրել Անի, այնտեղ վերականգնել հայկական իշխանությունը:
 
Հայաստանի քաղաքական ծանր պայմաններում, սակայն, հնարավոր չի եղել իրագործել այդ ծրագիրը: Եղբայրները 1150թ. Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:
 
Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ժառանգությունը, որը մեզ է հասել գրեթե անկորուստ: Գրել է արձակ (ճառեր, թղթեր, մեկնություններ) և առավելապես չափածո (տաղեր, բանքեր, շարականներ, հանելուկներ, պոեմներ և այլն) երկեր:
 
Շնորհալու արձակի պսակը «Թուղթ ընդհանրականն» է, որը նորընտիր կաթողիկոսի անդրանիկ կոնդակն էր՝ ուղղված հայ ժողովրդին: «Թուղթ ընդհանրականը» ժամանակի հայ եկեղեցու, հոգևորականության, աշխարհիկ խավերի կենցաղի ու բարքերի հայելին է, պատմական արժեքավոր վավերագիր ու գրական երկ:
 
Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը:
 
Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ: Շնորհալին ամենամեծ շարականագիրն է:
 
Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, կատարելագործել է հոգևոր երգերի եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.